Հեթում արքայի և Անիի խոհանոցների բաղադրատոմսերը վերծանված են, բայց գիրք չեն դառնում՝ հովանավորներ չլինելու պատճառով
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը Մխիթարյան միաբանության աջակցությամբ օգտվելով միաբանության գրադարանի նյութերից, որոնք վերաբերում են կիլիկյան Հեթում Առաջին արքայի կերակրացանկին, գրեթե վերծանել է դրանք, սակայն գիրքը տպագրության չի ուղարկվում՝ հովանավոր չլինելու պատճառով:
Tert.am -ի հետ զրույցում հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ արքայական կերակրացանկը հիմնականում բուսական է: Նա նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրությունը վերաբերում է 11 –14-րդ դարերում Անի խոհանոցին:
«Ինքը շատ բուսասեր է եղել, ծովամթերք, ձկնեղեն ևս կա: Այս պահին ամբողջությամբ պատրաստ է մեր ուսումնասիրությունը Անիի խոհանոցի վերաբերյալ: Ներկայացված է հովանավորներին, սպասում ենք»,- ավելացրեց Սեդրակ Մամուլյանը:
Նա նշեց, որ Անիի խոհանոցը որոշ նմանություն ունի Գյումրիի և հարակից տարածքների խոհանոցի հետ, սակայն այն տարբերությամբ, որ Անիի խոհանոցը եղել է հարուստների խոհանոց:
Իսկ պատմագիտական ու ազգագրական նյութը վերցված է Վրաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում բնակվող անեցիների ժառանգների թողած նյութից:
«Եվ այս խոհանոցը պահպանված է հարուստների միջոցով, որովհետև անեցիները հարուստներ էին և ոչ էլ գաղթ էին տեսել, ջարդ ու գնում, քաղաքում տարածքը առնում էին, ապրում»,-ավելացրեց Սեդրակ Մամուլյանը:
Հայ խոհարարական արվեստի պահպանման ջատագովը նշեց, որ պատմական Հայաստանի, Մեծ և Փոքր Հայքերի և Հայաստանի տարբեր շրջանների խոհանոցները, առհասարակ, նմանություններ ունեն, իսկ տարբերությունները պայմանավորված են տարածաշրջանների բնակլիմայական պայմաններով:
«Որոշ կերակուրներ նույն կամ գրեթե նույն անունն ունեն, բայց կերակուրներում որոշ մթերքներ են օգտագործվում, որոնք բնորոշ են այս կամ այն տարածաշրջանին: Իհարկե, որտեղ որ բնությունն ավելի հարուստ է, այնտեղ խոհանոցն ավելի հարուստ է»,- ավելացրեց Սեդրակ Մամուլյանը:
Նրա գնահատմամբ՝ հայկական տեղական խոհանոցներից ամենահարուստը Միջերկրական ծովի շրջակայքի՝ Մարաշ, Այնթափ շրջանների խոհանոցներն են:










