Ոստիկանությունը բրիտանացի դերասանին վերադարձրել է գումարը, որը նա նետել էր Յոզեֆ Բլատերի վրա

01:07 • 25.07.15

Շվեյցարիայի ոստիկանությունը  վերադարձրել է կատակերգու Լի Նելսոնին 600 դոլար արժողությամբ թղթադրամները, որոնք վերջինս նետել էր  Յոզեֆ Բլատերի վրա: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` հիշեցնելով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին:


Բրիտանացի կատակերգու դերասան Սայմոն Բրոդկինը, ով հանդես է գալիս Լի Նելսոն կեղծանվամբ, քիչ էր մնում տապալեր ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի ասուլիսը:


Մոտենալով նրա սեղանին` կատակերգուն դոլար անվանական արժեքով  թղթադրամների տրցակ էր նետել սեղանի վրա` ասելով, որ դա 2026-ի առաջնությունը Հյուսիսային Կորեայում անցկացնելու համար է: Երբ անվտանգության աշխատակիցները դուրս էին բերում դերասանին  նա ևս մի տրցակ էր շաղ տվել օդում:


Ոստիկանական բաժանմունքում դերասանը հայտնել էր, որ այդ գումարն իր անձնական խնայողություններից էր: 


Ոստիկանությունը դերասանի նկատմամբ գործ է հարուցել` «Խուլիգանություն» հոդվածով: