Դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումը Սիրիայի մշակույթի նախարարի հետ

11:50 • 27.07.15

 

 

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ մշակութային համագործակցությունը խթանելու հետ կապված մի շարք հարցեր, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
 

Հաշվի առնելով Հայաստանի մշակութային մեծ ներուժը՝ նախարար Խալիլը կարևորել է հայ երաժիշտների՝ Դամասկոսի օպերայի սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատելու և կոնսերվատորիայում դասընթացներ վարելու հնարավորությունը:
 

Միաժամանակ, կողմերը կարևորել են մշակութային օրերի փոխանակումը երկու երկրների միջև, ինչի կապակցությամբ նախարարն առաջարկեց առաջիկայում Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպումը:
 

Ապա՝ քննարկվել են սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք «Գրական տապան-2015» միջազգային կոնֆերանսին Սիրիայի մասնակցության հարցը, ինչի կապակցությամբ դեսպան Փոլադյանը նախարարին հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը:

 

Հանդիպման ավարտին նախարար Իսսամ Խալիլը դեսպան Փոլադյանի հետ կիսվել է հուլիսի 10-ից 14-ը ՀՀ կատարած իր այցի մանրամասներով: