Չինաստանում կինը մահացել է՝ ընկնելով շարժասանդուղքի մեջ, սակայն հասցրել է փրկել երեխային
Չինաստանում երիտասարդ կինը մահացել է՝ ընկնելով Ցզինչժոու քաղաքի առևտրի կենտրոնի շարժասանդուղքի մեջ, բայց հասցրել է վայրկյանների ընթացքում փրկել երեխային, գրում է ria.ru-ն:
Կիրակի օրը տեղի ունեցած ողբերգությունը գրանցել են անվտանգության տեսախցիկները:
Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է կինը, երեխային գրկած, բարձրանում շարժասանդուղքով: Այն պահին, երբ երիտասարդ կինն անցնում է վերջին աստիճանը, նրա ոտքերի տակից ընկնում է հատակի մի հատվածը: Վերջին վայրկյաններին մայրը հասցնում է երեխային նետել առևտրի կենտրոնի երկու աշխատակցուհիների ձեռքը, իսկ իրեն շարժասանդուղքը ներս է քաշում: Աշխատակցուհիներից մեկը փորձել է օգնել կնոջը, բայց՝ ապարդյուն։
Փրկարարները կարողացել են կնոջը հանել միայն երեք ժամ անց: Այդ պահին նա մահացած է եղել ստացած վնասվածքներից և արյան կորստից: Առևտրի կենտրոնի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ տալ փաստի առթիվ: Տեղի ոստիկանությունն արդեն սկսել է նյութեր հավաքել դեպքի հանգամանքները պարզելու համար:
Դեպքն ամենաշատ որոնվող թեման է դարձել Twitter-ի չինական նմանակ Sina Weibo-ում՝ բազմաթիվ հարցեր առաջացնելով շարժասանդուղքի պատշաճ շահագործման վերաբերյալ:










