Ֆրանսիացի ֆերմերները փակել են Գերմանիայի հետ սահմանի ճանապարհները
Ֆրանսիացի ֆերմերները փակել են Գերմանիայի հետ սահմանի ճանապարհները, որպեսզի թույլ չտան իրենց տարածք գերմանական գյուղատնտեսական արտադրանքով բեռնատարների մուտքը, գրում է Deutsche Welle-ն։
Հուլիսի 26-ից գյուղացիները տրակտորներով փակել են 6 ավտոմայրուղի և 5 կամուրջ՝ բողոքելով այն բանի դեմ, որ «աղավաղվել է մրցակցությունը»՝ հօգուտ գերմանացի ֆերմերների։
Ակցիան, որը կազմակերպել են Գյուղական միությունների դաշնության տեղի ներկայացուցչությունը և «Երիտասարդ ֆերմերներ» արհմիությունը, կտևի առնվազն մինչև երկուշաբթի կեսօր։
Բացի այդ, ֆերմերները տրակտորներով փակել են A645 արագընթաց ավտոմայրուղին Իսպանիայի հետ սահմանին և կանգնեցրել են իսպանական մրգերով և մսամթերքներով մի քանի տասնյակ բեռնատարներ։
Կազմակերպիչները հայտնել են, որ միմյանց փոխարինելով՝ հերթապահություն կանեն ավելի քան 1000 ֆերմերներ, իսկ ճանապարհը կարգելվի միայն գյուղատնտեսական արտադրանքով մեքենաներին։ Ակտիվիստները քննադատել են կառավարությանը, որը չի կարողանում մրցակցության աղավաղման լուծում առաջարկել։










