Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը

12:43 • 27.07.15

ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում երեք ամիս առաջ տեղադրված Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը վանդալիզմի զոհ է դարձել։

 

Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ ուրբաթ օրը ինչ-որ մեկը պոկել է հուշարձանի հուշատախտակներից մեկը։

 

«Այդ տախտակը պատմություն ուներ։ Շատ ցավալի է, և ես շատ հիասթափված եմ»,-ասել է Աբգարյանը։

 

Նա նշել է, որ տեղի ունեցածն «ատելության հողի վրա տեղի ունեցած հանցագործություն է», ինչն անհանդուրժելի է և պետք է լուրջ ընդունվի։

 

Հուշարձանը բացվել էր այս տարվա ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ։

 

«Այս հուշարձանը խորհրդանշական ու պատմական նշանակություն ունի մեր համայնքի համար։ Համայնքը պետք է քայլեր ձեռնարկի նման գործողությունների հանդեպ հանդուրժող չլինելու ուղղությամբ»,-ասել է Աբգարյանը։

Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը