Լիբիան պատրաստ է մինչև տարվա վերջ ոչնչացնել ԻՊ-ը` զենքի էմբարգոն վերացնելու դեպքում
Լիբիայի զինված ուժերը կկարողանան ոչնչացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին մինչև տարվա վերջ, եթե չեղարկվի երկրի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն: Այդ մասին Sputnik-ին տված հարցազրույցում հայտնել է արաբական երկրի տեղեկատվության նախարար Օմար ալ-Կուայրին։
«Խնդիրն այն է, որ հեռուստատեսությունը ոչ ճիշտ պատկեր է փոխանցում Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Տպավորություն է, թե իբր Լիբիայում իրավիճակը սարսափելի է, մինչդեռ մեզ մոտ աշխատում են թատրոնները, կինոթատրոնները, և կյանքը նորմալ հունով է հոսում: ԻՊ-ի դիրքերի գտնվելու վայրերը հայտնաբերված են, գրոհայինները՝ շրջապատված։ Լիբիական բանակը պատրաստ է, անհրաժեշտ է միայն չեղարկել էմբարգոն: Այդ դեպքում այն կկարողանա լուծել ԻՊ-ի խնդիրը մինչև տարվա վերջ»,- նշել է ալ-Կուայրին:
Նախարարը նաև հայտարարել է, որ ահաբեկիչների ոչնչացման համար երկիրն այլ արաբական պետությունների օգնության կարիքը չունի: Ալ-Կուայրին համոզված է, որ «Իսլամական պետությունից» ազատվելու ճանապարհին գլխավոր խոչընդոտը զենքի էմբարգոն է:
«Հնարավոր է՝ մենք կընդունենք Եգիպտոսի միջամտությունը, բայց ոչ բոլոր արաբական երկրների»,- հավելել է նախարարը:










