Թուրքական տանկերը կրակ են բացել Սիրիայում քուրդ զինյալների վերահսկած գյուղի ուղղությամբ. ԶԼՄ-ներ

11:10 • 27.07.15

Թուրքական տանկերը Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների ուղղությամբ կրակ են բացել։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, հարվածներ են հասցվել Հալեպի նահանգում գտնվող Զոր Մաղար գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը տարածել է Լոնդոնում գործող Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնը։

 

Թուրքիայի պատկան մարմինները տեղեկությունը դեռ չեն հաստատել։

 

Ըստ տարածված տեղեկատվության՝ Սիրիայի Ջարաբլուս բնակավայրի մոտ գտնվող գյուղը եղել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի սիրիական թևը համարվող PYD-ի հսկողության տակ։

 

Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կենտրոնը նաև հաղորդել է, որ միջադեպի հետևանքով ԻՊ-ի դեմ կռվող խմբի 4 անդամ է վիրավորվել։