«Ավրորա» մրցանակը միանում է Մադասիրության համաշխարհային օրվան

16:59 • 19.08.15

«Ավրորա» մրցանակը միանում է Մարդասիրության համաշխարհային օրվա իրադարձություններին և սատարում այն ընդհանուր առաքելությանը, որը կոչված է արժանին մատուցելու և հիշատակելու մարդասիրության ոլորտում դերակատարություն ունեցած, իրենց կյանքը վտանգի ենթարկած մարդկանց, ինչպես նաև խրախուսելու մարդասիրական աշխատանքը:


««Ավրորա» մրցանակի միջոցով մենք միանում ենք Մարդասիրության համաշխարհային օրվան՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդկանց ծառայելուն, և կարևորում ենք ամբողջ աշխարհում բարեգործական աշխատանքի ազդեցությունը: Այսօր բոլորիս համար առիթ է՝ մի պահ կանգ առնելու ու ճանաչելու այն անհատներին, որոնց խիզախ գործողությունները գոյատևելու հնարավորություն ընձեռեցին այլ մարդկանց»,- ասում է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:    

Ռուբեն Վարդանյանի խոսքը հիմնված է անձնական փորձի վրա: Նրա պապը չէր վերապրի Հայոց ցեղասպանությունը, եթե նրան փրկած չլիներ սեփական կյանքը վտանգելու քաջություն ունեցած մեկը:


Մարդասիրության համաշխարհային օրն ամեն տարի նշվում է օգոստոսի 19-ին՝ ի հիշատակ 2003 թ. այդ օրը Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում մահապարտների կողմից իրականացված ահաբեկության, որը 22 աշխատակցի կյանք խլեց: Զոհերի թվում էր նաև Սերխիո Վիեյրա դե Մելոն, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալն էր և Արտակարգ իրավիճակներում օգնության համակարգողը և իր կյանքի երեք տասնամյակը նվիրել էր աշխարհի՝ պատերազմից բզկտված, ավերակված տարածաշրջաններում խաղաղության հաստատման ու փախստականներին օգնելու գործին:  


««Ավրորա» մրցանակը նպատակ ունի արժևորելու այն բացառիկ ներգործությունը, որ ունեցել են անհատները՝ մարդկանց կյանքը փրկելու ու մարդասիրական արժեքներն առաջ մղելու հարցում՝ իրենց ճանապարհին հաղթահարելով բազում մարտահրավերներ: Մենք խրախուսում ենք անհատներին ու կազմակերպություններին՝ թեկնածուներ առաջադրել, որպեսզի հանրության սեփականությունը դարձնենք անհատների աներևակայելի մարդասիրական աշխատանքը, որը, շատ հաճախ, բոլորովին աննկատ է մնում»,- ասում է  Նուբար Աֆեյանը՝ «Ավրորա»  մրցանակի համահիմնադիրը:


«Ավրորա»  մրցանակի համար թեկնածուների առաջադրումները կարող են կատարվել մինչև 2015 թ. հոկտեմբերի 1-ը՝ այցելելով https://100lives.com/hy/prize :