Ֆրանսիայում ֆերմերների ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել
Ֆրանսիայի ժանդարմերիան արցունքաբեր գազ է կիրառել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Մանշ շրջանում բողոքող ցուցարարների դեմ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, բողոքի ակցիային մասնակցել է մոտ 150 մարդ՝ հիմնականում միս և կաթ արտադրողներ:
Ցուցարարները փորձել են հասնել Սեն-Լո քաղաքի վարչական շենքին, սակայն ժանդարմներն արցունքաբեր գազ են կիրառել:
Դրանից հետո, ի նշան բողոքի, ցուցարարներն անիվներ են այրել և 15 տրակտորների միջոցով աղբ են հավաքել ու լցրել վարչական շենքից ոչ հեռու։
«Չնայած կառավարությունն անասնաբուծության ոլորտը բարելավելու նպատակով արտակարգ օգնության պլան էր ներկայացրել, սակայն բացարձակապես ոչինչ չի արվել»,-ասել է Մանշի գյուղատնտեսական արհմիությունների ֆեդերացիայի ղեկավար Սեբաստիան Ամանդը։
Ֆերմերների ակցիան եղել է ընդդեմ հուլիսի կեսին Ֆրանսիայում մթերման ցածր գների։
Ավելի վաղ ևս ցուցարարները ճանապարհներ էին փակել և բարիկադներ տեղադրել։










