Բելգիական Շառլեռուա քաղաքի պաշտոնյաները կորցրել են 10 մլն եվրոյի չափով ԵՄ սուբսիդիաներ ստանալու փաստաթղթերը
Բելգիայի հարավային Շառլեռուա քաղաքի պաշտոնյաները քաղաքապետարանի շենքում կորցրել են փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին ավելի քան 10 միլիոն եվրոյի եվրոպական սուբսիդիաներ ստանալու համար, գրում է ТАСС-ը։
Կորել է փաստաթուղթը՝ նվիրված Սամբրա գետի ափի մոտ գտնվող քաղաքի մշակութային շենքերի վերականգնման նախագծին, որի շրջանակում քաղաքը պետք է մինչև սեպտեմբերի 5-ն ավելի քան 10 միլիոն եվրոյի չափով Եվրամիության սուբսիդիաներ ստանար։
Առաջին անգամ փաստաթղթերով թղթապանակի բացակայությունը նկատվել է հունիսին, սակայն այդ ժամանակ քաղաքային պաշտոնյաները դրան մեծ նշանակություն չեն տվել՝ որոշելով, որ այն պարզապես մեկ ուրիշ դարակում են դրել: Ավելի ուշ, սակայն, այդ փաստաթղթերը պահանջել է Եվրահանձնաժողովը՝ քաղաքի իշխանությունների և վերականգնման աշխատանքներ անցկացնող ընկերության միջև կնքված պայմանագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար։
Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում քաղաքի պաշտոնյաները զբաղվել են փաստաթղթերի որոնմամբ, սակայն այդպես էլ չեն կարողացել գտնել։
Հաշվի առնելով այն, որ փաստաթղթերը պատճեն չեն ունեցել և չեն պահպանվել էլեկտրոնային տարբերակով, քաղաքը կարող է կորցնել 10 միլիոն եվրոյի եվրոպական սուբսիդիաների իրավունքը, եթե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չկարողանա գտնել փաստաթղթերը։










