«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն ի պաշտպանություն Սյուզի Գևորգյանի հավաք-երթ է անցկացրել

15:00 • 20.08.15

Ազատության հրապարակում «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության մի խումբ անդամներ այսօր դատապարտող հավաք-երթ անցկացրին՝ ի պաշտպանություն մոսկվայաբնակ 23-ամյա Սյուզի Գևորգյանի։

 

Նշենք, որ Երևանում օգոստոսի 13-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել էին «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Սյուզի Գևորգյանի վրա, հարվածներ հասցրել նրան և սպառնացել այն բանի համար, որ նա վերջին օրերին զբաղված է եղել Համահայկական խաղերին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելով և թռուցիկներ բաժանելով:

 

Tert.am-ի հետ զրույցում Սյուզի Գևորգյանը նշեց, որ ենթադրում է, որ դրանք ոստիկաններ են եղել։

 

«Ես ուզում եմ վերադառնալ Հայաստան և ապրել ազատ ու անկախ Հայաստանում: Ես պայքարում եմ ու կոչ եմ անում մեր հայրենակից մյուս երիտասարդներին էլ ոտքի կանգնել և պայքարել մեր օր օրի դատարկվող Հայաստանի համար, որովհետև կարծում եմ՝ ամեն հայ պետք է դա գիտակցի»,-ասաց նա։

 

Երիտասարդ աղջիկը նշեց, թե չնայած սպառնալիքներին՝ ինքը չի վախեցել: «Հավատացե՛ք վախ չկա, և դեպքից հետո էլ ես բաժանել եմ թռուցիկները և ամեն օր էլ բաժանում եմ ու չեմ էլ պատրաստվում իմ քայլերից հետ կանգնել»,-ասաց նա:

 

Սյուզի Գևորգյանը նշեց, որ իրավապահներին չի դիմել և մտադրություն էլ չունի դիմելու։

 

«Որովհետև մենք բարձրաձայնել ենք այս բռնության մասին, և կարծում ենք, որ իրենք տեղյակ են և պետք է ընդունեին որպես հանցագործության մասին հաղորդում և արձագանքեին»,-ասաց նա:

 

Ի դեպ, երիտասարդ ակտիվիստին աջակցելու էին եկել նաև «Կանանց ճակատ» կոչվող կազմակերպության անդամները, ովքեր ևս հայտարարեցին, որ ի պաշտպանություն Սյուզի Գևորգյանի՝ իրենք այսօր երեկոյան ժամը 20:00-ին ֆլեշմոբ կանցկացնեն Հյուսիսային պողոտայում:

 

Սյուզի Գևորգյանը նշեց, որ 2 տարեկանից բնակվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասում, սակայն ամեն տարի գալիս է Հայստան: Այժմ նա այնտեղ սովորում է պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։