Սենթ Լյուիսում կրկին բողոքի ցույցեր են՝ ոստիկանի կողմից սևամորթ երիտասարդի սպանության պատճառով

12:40 • 20.08.15

Առնվազն ինը մարդ է ձերբակալվել ամերիկյան Սենթ Լյուիս քաղաքում (Միսուրի նահանգ)՝ ոստիկանության կողմից սևամորթի սպանության պատճառով տեղի ունեցած ցույցերի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը։

 

Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:

 

Ցույցի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ շշեր և սալաքարեր են նետել: Այն շրջանում, որտեղ տեղի են ունեցել ցույցերը, լրացուցիչ ստորաբաժանումներ են բերվել, իրականացվում է փողոցների ուժեղացված հսկողություն:

 

Չորեքշաբթի երեկոյան երկու ոստիկաններ այցելել են Սենթ Լյուիսի թաղամասերից մեկը՝ այնտեղ գտնվող տներից մեկը խուզարկելու օրդերով: Խուզարկության ժամանակ շենքում գտնվող երկու սևամորթ երիտասարդներ փորձել են փախչել հետևի դռնով: Փախչողներից մեկը, լսելով իրավապահների պահանջը՝ կանգնել, նրանց ուղղությամբ ատրճանակ է պահել և սկսել է սպառնալ։ Ոստիկանները կրակ են բացել՝ սպանելով 18-ամյա երիտասարդին: Մյուս երիտասարդը կարողացել է փախչել։

 

Դեպքից քիչ անց արդեն 100-ից ավելի ցուցարար է հավաքվել։

 

Անցած շաբաթ Սենթ Լյուիսի Ֆերգյուսոն արվարձանում արտակարգ դրություն է սահմանվել` ոստիկանների կողմից սպանված 18-ամյա անզեն աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի մահվան տարելիցին այնտեղ տեղի ունեցած անկարգություններից հետո։