Սնոուդենին «խորհուրդ տված» ընկերությունն ԱՄՆ իշխանություններին 30 մլն դոլարի տուգանք կվճարի

10:37 • 20.08.15

ԱՄՆ-ի պետական կառույցներում աշխատանքի համար թեկնածուների ստուգման խոշորագույն մասնավոր ընկերությունը՝ US Investigations Services-ը, 30 միլիոն դոլար կվճարի ամերիկյան իշխանություններին, գրում է ТАСС-ը։

 

Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, նշված գումարի վճարումը կհանի US Investigations Services-ի և դրա Altegrity ծնող ընկերության նկատմամբ մեղադրանքներն այն մասին, որ ընկերությունը պատշաճ կերպով չի իրականացրել պետական կառույցներում աշխատանքի թեկնածուների ստուգումները։

 

Համապատասխան հայցադիմումն Արդարադատության նախարարությունը ներկայացրել էր անցած տարվա սկզբին: Այնտեղ մասնավորապես նշվում էր, որ US Investigations Services-ը 2008 թվականի մարտից մինչև 2012 թվականի սեպտեմբերը բավականաչափ մանրամասն չի ուսումնասիրել դաշնային հաստատություններում աշխատանքի թեկնածուների կենսագրական և այլ տվյալներն ավելի քան 650 հազար դեպքում։

 

Ընկերությունը միջինը մինչև 2,5 հազար դոլար է ստացել մեկ թեկնածուին վերաբերող տվյալներն ուսումնասիրելու համար: Արդարադատության նախարարության տեղեկություններով՝ աշխատանքի որակյալ կատարման տպավորություն ստեղծելու համար ընկերության աշխատակիցներն օգտագործել են համակարգչային ծրագիր, որը թույլ է տվել արագ ստանալ բոլոր նախատեսված ստուգումների գործընթացի իրականացման հաստատումը։

 

US Investigations Services-ը հայտնի է մասնավորապես նրանով, որ ստուգել է Էդվարդ Սնոուդենին Կենտրոնական հետախուզական վարչություն աշխատանքի ընդունելուց առաջ, ինչպես նաև ԱՄՆ ռազմածովային ուժերի պահեստային Աարոն Ալեքսիսին, ով 2013 թվականի սեպտեմբերին կրակ է բացել ամերիկյան ռազմական օբյեկտներից մեկում, ինչի հետևանքով 13 մարդ է զոհվել։