Ուկրաինան հայտարարել է ԱՊՀ-ում գործող հանցագործների հետախուզման ընդհանուր համակարգից դուրս գալու մասին

17:12 • 20.08.15

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է ԱՊՀ տարածքում գործող հանցագործների հետախուզման ընդհանուր համակարգից երկրի դուրս գալու մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

112 հեռուստաալիքի եթերում վարչապետը բացատրել է այդ որոշումը նրանով, որ Մոսկվան միևնույն է` չի իրականացնում ուկրաինական իրավապահ մարմինների ընթացակարգային հրահանգները: ԱՊՀ բազայից անջատումը նախատեսվում է օգոստոսի 24-ին:

 

Յացենյուկը հիշեցրել է, որ Ուկրաինան պատրաստվում է մոտ ժամանակներս միանալ Ինտերպոլի տվյալների բազային՝ այդկերպ դառնալով հանցագործների հետախուզման միջազգային միասնական համակարգի մաս:

 

Ուկրաինայի կողմից ԱՊՀ հետախուզման համակարգի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին հաղորդվել է նաև ավելի վաղ: Փետրվարին ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ իր գերատեսչությունը դադարել է հետախուզվող հանցագործներին ներառել տվյալների բազա և հրաժարվել է կատարել ռուս գործընկերների հարցումները: