Ռուսաստանում այրել են Հայաստանից ներմուծված ձկան խոշոր խմբաքանակ
«Վեստի Սոչի»-ն հայտնում է, որ Ռուսաստանում Հայաստանից տարված թառափ ձկնատեսակի խոշոր խմբաքանակ է առգրավվել ու ոչնչացվել:
Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը 200 կգ սիբիրյան թառափի մասին է, որը առգրավվել է Սոչիի օդանավակայանում: Ապրանքը նախատեսված է եղել տեղական ձեռնարկություններից մեկի համար:
Սակայն սահմանային վերահսկման ծառայությունը այդ ապրանքը երկիր չի թողել, քանի որ արտադրող ընկերության անվանումը չի եղել ՌԴ-ում ատեստացիա անցած ընկերությունների անվանացանկում:
Ռոսսելխոզնադզորի տեղի տեսուչները, ըստ այդմ, 200 կգ ձուկն ուղարկել են օդանավակայանի տարածքի թերմովառարան, որտեղ էլ ոչնչացվել է:
Կառույցի մամուլի ծառայությունից կատարվածը մեկնաբանել են և ասել, որ նման արմատական քայլեր ձեռնարկվել են համապատասխան այն կանոնների, որ գործում են Եվրասիական տնտեսական միությունում, իսկ Հայաստանը այդ միության անդամ է:










