Քրեական գործերի թվի աճը միշտ չի, որ նշանակում է հանցավորության աճ, երբեմն դա նշանակում է վստահության մեծացում. Փաշինյանը ՝ ՔԿ-ում (տեսանյութ)
Քրեական գործերի թվի աճը միշտ չի, որ նշանակում է հանցավորության աճ, երբեմն դա նշանակում է վստահության մեծացում, երբ մարդիկ ավելի մեծ վստահությամբ կարող են դիմել իրավապահ մարմիններին: Այս մասին ՔԿ ծառայողի օրվան նվիրված նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք իսկապես պետք է փոխենք այն ընկալումը, որը մեր իրականության մեջ կա, նույնիսկ 2018–ից հետո այդ ընկալման մեջ շատ բան չի փոխվել, երբ սոցիալական հենարանի ամրությունը ուղիղ համեմատական է նրա հետ, թե մարդը ինչպիսի հասանելիություն ունի արդարադատությանը և արդարությանը։ Մենք որպես պետություն պետք է առանձնահատուկ խնամք տանենք այն մարդկանց իրավունքների նկատմամբ, որոնք սահմանափակումներ ունեն իրենք իրենց իրավունքները պաշտպանելու տեսակետից։ Իսկ այսպիսի բան իսկապես կա։ Այո, մարդկանց մեջ մենք տարբերություն չենք կարող դնել, բայց վախենամ, երբեմն մենք առերեսվում ենք իրավիճակի, որ մարդիկ, որոնք ունեն մեծ ֆինանսական միջոցներ և կարող են ներգրավվել մեծ պաշտպանական թիմեր, և կան մարդիկ, որոնք այս հնարավորությունը չունեն, և նրանք պետք է զգան պետության պաշտպանությունը, նրանք չպետք է իրենք իրենց զրկված համարեն արդարությունից և արդարադատությունից։ Քննչական կոմիտեի առաջ այս առումով պատասխանատվությունը մեծ է և գնալով մեծանալու է»,- նշել է նա:










