Հայ հնագետները գիտական նոր բացահայտումների հետքի վրա են
Հայ հնագետները միջազգային գործընկերների հետ պեղումներ են իրականացնում Հայաստանի տարբեր տարածքներում` փորձելով բացահայտումներ անել բրոնզեդարյան նախնիների և Առաջավոր Ասիայի հին շրջանի հասարակությունների, քաղաքակրթությունների ձևավորման ժամանակների վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը հայկական հնագիտության ներկայիս ձեռքբերումների և անցկացվող պեղումների մասին տեղեկատվությունը ներկայացրել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նրա խոսքով` ներկայում հնագետների ուշադրության առանցքում են վիշապքարակոթողները, որոնք Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում` բնակատեղիներից դուրս տարածքներում գտնվող սրբազան կամ պաշտամունքային տարածքների մասն են կազմում: «Հայկական լեռնաշխարհից դուրս մշակութային այս ֆենոմենը չի հանդիպում. բրոնզեդարյա բացառիկ նմուշներ են, և դրանց ուսումնասիրությունը ոչ միայն մեզ է հետաքրքրիր, այլև այն միջազգային ծրագրերի մեջ ընդգրկվող թեմա է: Այդ մշակութային ֆենոմենի ուսումնասիրությամբ զբաղվում են նաև մեր գերմանացի գործընկերները, ու մոտ ապագայում մենք մի մեծ գիրք կունենանք այս ուսումնասիրությունների արդյունքների մասին` այդ օբյեկտների տեղի, դերի, նշանակության, ժամանակային պատկանելության հարցերի հետ կապված»,- հայտնեց Պավել Ավետիսյանը:
Հնագետի տեղեկացմամբ` վիշապքարակոթողների և դրանց հարևանությամբ առկա դամբարանների, դամբարանատիպ կառուցվածքների վերաբերյալ հստակ գնահատականներ չկան, քանի որ մինչ այժմ դրանք պեղված, հանված, չափագրված ու անգամ հաշվառված չեն եղել: «Եթե այդ ամենը կարողանանք ի մի բերել, ամենայն հավանականությամբ, բրոնզի դարի մեր նախնիների պատկերցումների համակարգի մասին մի նոր էջ կբացենք մեր գիտելիքներում»,- շեշտել է նա:
Անդրադառնալով Արագածի փեշերին հայտնաբերված դարան-որսատեղիներին` որոգայթներին` Պավել Ավետիսյանը նշել է, որ դրանք հիմնականում հանդիպել են Սիրիայի, Պաղեստինի, Իսրայելի, Սինա թերակղզու տարածքում:
«Երբ վերլուծել են օդից նկարահանումների միջոցով ուսումնասիրված այդ կառույցները, ենթադրվել է, որ երբ մարդը սկսել է կենդական աշխարհը ընտելացնել, այդպիսի կառույցներ է ստեղծել, որպեսզի մեծ քանակությամբ կենդանիներ կարողանա որսալ կենդանի վիճակում ու հետո ընտելացնի: Ամեն մի տարածաշրջանում այդ որսատեղիները մի տիպի էին: Արագածի փեշերին հնարավոր բոլոր տեսակները կան. 100-ի չափով կա, երեք տարի է` պեղում ենք: Անսովոր խտություն է այդ փոքրիկ տարածքի համար»,-ասել է Պավել Ավետիսյանը։
Նա հավելել է, որ ներկայում փորձում են պատասխանել հարցին, թե ինչու այլ տեղերում բնորոշ են մեկ-երկու ձև, իսկ այս տարածաշրջանում բոլոր հնարավոր տեսակները կան:
«Ողջ Առաջավոր Ասիայի հին ժամանակների հասարակությունների, քաղաքակրթությունների ձևավորման ժամանակների մասին բացառիկ տվյալներ տվող հուշարձաններ են, պետք է փաստագրենք, հաշվառենք, քարտեզագրենք, հետո դիմենք Մշակույթի նախարարությանը, որ դրանք առնվեն պետական հոգածության ներքո»,- նշել է հնագետը` ավելացնելով, որ նշյալ ուսումնասիրություններն իրականացնում են հայ-ֆրանսիական և հայ-իսրայելական արշավախմբերի հետ:
Պավել Ավետիսյանը ընդգծել է այն հանգամանքը, որ իրենց ուսումնասիրություններով փորձում են կարևոր գիտական տեղեկատվություն հաղորդել մարդկության պատմության տարբեր ժամանակաշրջանների ու մարդկանց մասին: Այս իմաստով նա կարևոր համարեց կենսաչափական, նյութաչափական անալիզների անցկացումը, որոնց վերջին մեկ տարվա ընթացքում գումարվել է նաև ԴՆԹ անալիզը:
«Բրոնզեդարյա բնակատեղիներից գտնված մարդկանց ԴՆԹ-ն և մեր տարածքում ապրած մարդկանց ԴՆԹ-ն գրեթե չի տարբերում. դա նշանակում է, որ մենք նրանց կենսաբանական ժառանգներն են: Այս աշխատանքները նոր են սկսվել, մեծ աշխատանքի տեղ դեռ ունենք: Սա նշանակում է, որ մենք ոչ միայն ժամանակակից հայ մարդու, այլև հայկական լեռնաշխարհի այս սահմաններում ապրած մարդկանց պատկերը կունենանք: Նրանց կարող ենք համեմատել այս տարածաշրջանի մյուս մարդկանց հետ` մեր տեղն ու դերը հաստատելու համար, որով կպատասխանենք այն խեղաթյուրումներին, որոնց բախվում ենք»,- ասել է Պավել Ավետիսյանը:
Նրա խոսքով` այս պահին էլ պեղումներ են ընթանում Հայաստանի մի շարք հնավայրերում և հուշարձաններում:
Ինչ վերաբերում է պետական հոգածությանը, ապա Պավել Ավետիսյանի խոսքով` 2007 թվականից կառավարությունը դաշտային հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար լուրջ գումարներ է հատկացնում, բայց դրան զուգահեռ ավելացել է ուսումնասիրվող նյութը, իսկ ինստիտուտի շենքային պայմանները չեն բարելավվել: Նվիրյալ մասնագետների պակաս էլ չունի ինստիտուտը, և այնտեղ աշխատողների մեկ երրորդը մինչ 30 տարեկան երիտասարդներ են:










