Հունգարիան կոչ է արել ԵՄ-ին նախապատրաստվել Սիրիայից և այլ երկրներից միլիոնավոր փախստականների հոսքին

15:38 • 01.09.15

Հունգարիայի կառավարությունը կոչ է անում Եվրամիությանը պատրաստվել Սիրիայից և տարածաշրջանի այլ երկրներից միլիոնավոր փախստականների հոսքին։ Այդ մասին հայտարարել են վարչապետի աշխատակազմում։

 

«Պարզ է, որ իրավիճակը Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում և Բալկաններում պահանջում է ոչ միանգամյա միջոցառումներ։ Եվրոպայում սկսվում է միգրացիայի երկարատև ալիք»,- նշել են կառավարությունում։

 

ԵՄ-ն պետք է նախապատրաստի գործող երկարատև միջոցներ՝ խնդրին արձագանքելու համար։ Կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ նման խնդրի առաջացմանը հանգեցրել է Եվրոպական հանձնաժողովի «ձախակողմյան» քաղաքականությունը, համաձայն որի «ցանկացած մարդ կարող է հայտնվել ԵՄ-ի տարածքում», փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«ԵՄ-ին չհաջողվեց հաղթահարել իրավիճակը, խնդիրը միության մեջ է, որն ի զորու չէ պաշտպանել իր արտաքին սահմանները»,- նշվում է հաղորդագրությունում։