Սիրիացի փախստականը Twitter-ում մոտ 170.000 դոլարի նվիրատվություն է հավաքել
Twitter-ի օգտատերերը հինգ օրվա ընթացքում մոտ 170 հազար դոլար են նվիրաբերել սիրիացի փախստական Աբդուլ Հալիմին, ով հայտնի էր դարձել սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ նրան լուսանկարել էին Բեյրութի փողոցներում երեխան գիրկը գրիչներ վաճառելիս, գրում է РИА Новости-ն։
Հալիմը սկսել է գրիչներ վաճառել Բեյրութի փողոցներում երեխաների օգնության համար գումարներ հավաքելու նպատակով: Նրան լուսանկարել են տեղի ակտիվիստները, որոնք դրամահավաք են կազմակերպել։ Այն բանից հետո, երբ լուսանկարը տարածվել է համացանցում, տասնյակ մարդիկ սկսել են նրան գումար փոխանցել։
#BuyPens ակցիայի շրջանակներում նվիրաբերված միջոցները նա կկարողանա ստանալ միայն ամսվա վերջին, քանի որ ակցիան կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը, և ևս 15 օր կպահանջվի գումարը նրան տրամադրելու համար։
Նշվում է, որ աշխարհի 105 երկրից ավելի քան 6,2 հազար մարդ նրան 167 հազար դոլար է նվիրաբերել:
Տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Հալիմը հայտնել է, որ նվիրաբերված գումարները կներդրվեն նրա երկու երեխաների՝ չորս տարեկան դստեր և ինը տարեկան որդու կրթության մեջ, նա նաև մտադիր է օգնել իր համերկրացիներին։
«Արշավը կփոխի իմ կյանքը դեպի լավը, ես ցանկանում եմ օգնել իմ երեխաներին և այստեղ՝ Լիբանանում ապրող այլ սիրիացիների»,- ասել է Հալիմը։
Հալիմը Սիրիայից Բեյրութ է ժամանել երեք տարի առաջ, բայց մինչ այժմ նրան չի հաջողվել մշտական աշխատանք գտնել։










