Ֆրանսիայի և Անգլիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել է՝ երկաթգծերին հայտնված ներգաղթյալների պատճառով
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը կրկին դադարեցվել է սեպտեմբերի 1-ին՝ երկաթգծերի վրա հայտնված ներգաղթյալների պատճառով, գրում է korrespondent.net-ը:
Մարդկանց նկատել են երկաթգծերի վրա ֆրանսիական կողմից թունել մուտքի և Կալե քաղաքի կայարանի միջև ընկած հատվածում։
Eurostar ընկերության օպերատորները հայտնել են, որ կանգնեցվել է հինգ գնացք, որոնցից չորսը մեկնելիս են եղել Ֆրանսիայից:
«Գնացքները չեն կարող մտնել թունել, թանի որ Կալեում երկաթգծերի վրա իրավախախտներ են գտնվում»,- հայտնել են Eurostar-ի աշխատակիցները Twitter-ում ընկերության էջում: Մեկ ժամ անց նրանք հայտնել են, որ իրավախախտներին հանում են երկաթգծերից:
Ֆրանսիայի հյուսիսում ապրող անօրինական ներգաղթյալները հնարավորություն են փնտրում Լա-Մանշը հատելու և Մեծ Բրիտանիայում հայտնվելու համար: Այժմ Կալեում մոտ 1,5 հազար ներգաղթյալ կա: Նրանց թիվը զգալիորեն աճել է վերջին ժամանակներում: Ներգաղթյալների մեծ մասը Ֆրանսիա է փախել Էրիթրեայից, Սուդանից և Սոմալիից:










