Կոռուպցիայի համար կասկածվող Գվատեմալայի նախագահին զրկել են անձեռնմխելիությունից

09:57 • 02.09.15

Գվատեմալայի Կոնգրեսը երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 1-ին, որոշել է զրկել նախագահ Օտտո Պերեսին դատական անձեռնմխելիությունից: Այդ որոշումը թույլ կտա դատախազներին մեղադրել նրան կոռուպցիոն հանցագործությունների համար, ինչը կարող է հանգեցնել իմպիչմենտի, գրում է lenta.ru-ն։

 

Գվատեմալայի սահմանադրության համաձայն՝ նախագահը դատական հետապնդումից անձեռնմխելիություն ունի, որից զրկելու համար պահանջվում է Կոնգրեսում ձայների երկու երրորդը։ Այդ որոշման օգտին են հանդես եկել նիստին ներկա բոլոր 132 պատգամավորները։ Քվեարկությունից հետո դատավորը հրաման է արձակել նախագահի՝ երկրից դուրս գալու արգելքի մասին։

 

«Դատական համակարգի աչքերով նա այժմ սովորական քաղաքացի է: Հաշվի առնելով, որ նա այլևս չունի անձեռնմխելիություն՝ նախագահի դեմ կսկսվի քրեական հետապնդում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գվատեմալայի գլխավոր դատախազ Թելմա Ալդանան։