Human Rights Watch-ն առաջարկել է ադրբեջանցի լրագրողի դատավճռի առնչությամբ զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովային։
Բաքվի դատարանը սեպտեմբերի 1-ին հետաքննող լրագրող Իսմայիլովային մեղավոր էր ճանաչել հարկերից խուսափելու և այլ տնտեսական հանցագործությունների համար՝ դատապարտելով 7.5 տարվա ազատազրկման։
Human Rights Watch կազմակերպությունն այդ գործի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ քննադատելով ադրբեջանական դատարանի կայացրած որոշումը։
«Իշխանությունները ճնշում են գործադրել գործընթացի վրա՝ մերժելով պաշտպանության գրեթե բոլոր միջնորդությունները, ադ թվում՝ նրան զրկելով դատախազության մեղադրանքների դեմ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Խադիջա Իսմայիլովայի զայրացուցիչ դատավճիռն ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ շրջանցել օրենքն ու վրեժ լուծել քննադատներից»,-ասել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը:
Իր դատավարության ընթացքում Իսմայիլովան կառավարությանը մեղադրել է իր հետաքննական գործունեությանը՝ մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնեսների վերաբերյալ նյութերի հրապարակմանը խոչընդոտելու համար։
«Վաղուց արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը չսահմանափակվի միայն խոսքերով և կոնկրետ քայլեր անի Խադիջա Իսմայիլովայի և այլոց բանտից ազատ արձակման համար»,-ասել է տնօրենը:
Human Rights Watch-ն առաջարկել է զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտն է Ադրբեջանի իշխանություններին կոչ արել ազատ արձակել Իսմայիլովային և այլ կալանավորների։
«Մենք անհանգստացած ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների պատճառով, այդ թվում՝ վկաների ցուցմունքների բացակայությունն ու այլ հիմնական փաստեր: Այս դեպքը ևս մի ապացույց դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում՝ մամուլի ազատության սահմանափակման առումով»,-ասված է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:










