Կոմիտասի պանթեոնում գործող «Շապիտո» կրկեսում կենդանիներին շահագործում են, տարածքում գարշահոտություն է. կենդանասերներ

13:08 • 02.09.15

«Դելֆինարիումի» դեմ պայքարելուց հետո, կենդանասերները հիմա էլ պայքարի են դուրս եկել նույն տարածքում գործող (Կոմիտասի պանթեոն) «Շապիտո» կրկեսի դեմ, որը եկել է Պետերբուրգից և ըստ կենդանասերների՝ տխրահռչակ համբավ ունի նաև Ռուսաստանում:


«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե ահազանգ են ստացել, ընդ որում երեխաներից, որ Կոմիտասի այգում Պետերբուրգից եկած կրկեսում կենդանիներին շահագործում են:


Նրանք այցելել են՝ անձամբ ստուգելու իրավիճակը. 4-5 ուղտի կապել են ծառերից, գարշահոտություն է տիրում:


Կենդանիների պաշտպանը նշեց, թե իրենց խնդիրն այն չէ, որ կրկեսը ռուսական է, այլ այն, որ վիճակը վատ է, և մարզիչները տանջում են կենդանիներին:


Նա ներկայացրեց անազատության մեջ գտնվող կենդանիների իրավիճակն աշխարհում, ու նկատեց, որ միտում կա՝ կրկեսներն ընդհանրապես հրաժարվեն կենդանիներից: Նա նշեց, որ Անգլիան է հրաժարվել, որին հետևել են Հունաստանը, Բուլղարիան, Ալբանիան, Չեխիան, Բոլիվիան, Հոնդուրասը և այլն:


«Վայրի բնությունից բերում են կրկես, երրորդ սերունդ են վերցնում կրկեսի համար, իսկ հայտնի է, թե վարժեցնելը ինչ ծանր է նման կենդանիների համար, վարժեցնում են ուժով, համոզելով, նաև սովի մատնելով: Վայրի կենդանին, որը գալիս է կրկես, մատնվում է բազում տառապանքների՝ կենդանիները խոշտանգվում են, ավելի է վայրիանում»,- ասաց նա:


Նա նաև հավելեց, թե պատրաստվում են նամակ ուղարկել քաղաքապետին, թե ինչպես կարելի է թույլ տալ Կոմիտասի պանթեոնում նման  գարշահոտություն, որտեղից քիչ այն կողմ բարեկարգ վիճակ է, և որտեղ մեր մեծերն են:


Իրավիճակը նկարել էր նաև կենդանիների պաշտպան Կարինե Փանոսյանը, ով նույնպես հավելեց, որ սարսափելի կեղտոտ էր տարածքը: Կարինե Փանոսյանը հարցը հնչեցրեց. «Ինչո՞ւ պետք է առյուծը թռնի կրակի միջով: Երեխաների համար ի՞նչ ուսուցողական բան կա դրանում»: