«Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհի պատճառով ավելի քան 40 չվերթ է հետաձգվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհի պատճառով 41 չվերթ է հետաձգվել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրին։
Օդանավակայանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վլասովը հայտնել է, որ ժամանող չվերթների ընդունման սահմանափակումներ չկան, սակայն օդանավակայանից ինքնաթիռների մեկնումը ժամանակավորապես չի իրականացվում:
«Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Դոմոդեդովո» օդանավակայանի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով շենքից տարհանվել է մոտ 3 հազար մարդ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի պատճառը մալուխների կարճ միացումն է եղել։
РИА Новости-ի աղբյուրի վերջին տեղեկությունների համաձայն՝ ուղևորները և անձնակազմն արդեն վերադարձել են օդանավակայանի շենք: Հրդեհը մարվել է:










