Վերջին հրաժեշտը մեծ բարերարին ու հային՝ Վահագն Հովնանյանին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (լուսանկարներ)
Բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի հոգեհանգստյան արարողությանը, որն անցնում էր Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, այսօր ներկա էին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը , Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության, սփյուռքի , քաղաքաշինության նախարարները, մտավորականներ, հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ընկերներ ու մտերիմներ:
ՀՀ Նախագահը մոտ 20 րոպե ներկա գտնվեց Վահագն Հովնանյանի համար մատուցված հոգեհանգստյան պատարագին, որը մատուցում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նախքան այդ՝ Սերժ Սարգսյանը ցավակցեց Հովնանյանի այրուն, դստերն ու հարազատներին:
Վահագն Հովնանյանի համար ծաղկեպսակներ էին ուղարկվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Լեռնային Ղարաբաղի Նախագահ Բակո Սահակյանի կողմից:
Արարողությանը ներկա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Վահագն Հովնանյանը պայծառ մարդ էր, որի համար ցավում ու սգում են բոլորը:
«Եվ իր ներկայությամբ կարողանում էր ոգևորություն, ուժ, խանդավառություն հաղորդել շրջապատին: Այն եզակի մարդկանցից էր, որ, իրոք,անկախության ամենադժվարին պահերին եկավ ու հաստատվեց: Եկավ ու չգնաց, եկավ ու կառուցեց, եկավ ու գործեց։ Եվ իրոք, Վահագնի թաղամասը դարձավ Վահագն Հովնանյանի կյանքի մնայուն ձեռագիրը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հրանուշ Հակոբյանը՝ ավելացնելով. «Կարծում եմ՝ այդ տարածքը մի գեղեցիկ շինարարական մշակույթ է, օազիս է նաև հայկական իրականության համար»:
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշելով, որ երկար տարիներ աշխատել է Վահագն Հովնանյանի հետ, հատկապես բարձր է գնահատում իր ներդրումը Աշտարակի խճուղու վրա կառուցած թաղամասում:
«Հոգի ու սիրտ է դրել մարդը և հսկայական գործ է արել և մեծ հետք է թողել քաղաքաշինության, տուրիզմի զարգացման մեջ»,-ամփոփեց Նարեկ Սարգսյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց. «Հովնանյանն այն առաքյալներից մեկն էր, ով առաջիններից ձեռք մեկնեց Հայաստանին, և իր ողջ վաստակի հետ միասին Հայաստանում էր և, չխառնվելով որևէ քաղաքական պրոցեսների, բարեգործություն էր անում»:
Գալուստ Սահակյանն իր խոսքն ամփոփեց ասելով, որ «այսօրվանից բոլորս պետք է դառնանք մի քիչ Հովնանյան»։
Վաղը՝ սեպտեմբերի 4-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա Վահագն Հովնանյանի հրաժեշտի վերջին արարողությունը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

















