$ 25 մլն-ի վարկային համաձայնագիր՝ ՀՀ-ի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև

21:07 • 03.09.15

Հայաստանի Հանրապետության և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև վարկային համաձայնագիր է կնքվել։


Այս մասին տեղեկացնում է ՀՀ  արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը։

 

Նշվում է, որ այսօր Վիեննայում կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպումը Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի Գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

 

Կողմերը գոհունակություն են հայտնել մինչ այսօր զարգացած համագործակցության կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել էլ ավելի խորացնել և ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ կապերը:

 

Հանդիպման արդյունքում ստորագրվել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն ԱՄՆ դոլարով ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիր:


Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը Հայաստանի Հանրապետության 7 մարզերում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Ծրագիրը միտված է բարձրացնելու փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականությունը և նպաստելու աղքատության կրճատմանը: