Մաքսային միության 2 տարին և ԵՏՄ-ի 9 ամիսը արդարացված է ռեգիոնալ համագործակցության առումով. Թաթուլ Մանասերյան

20:55 • 03.09.15

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ երկու տարի առաջ այս օրը Մաքսային միություն մտնելու որոշման արդյունքներին, սպասումներին, ինչպես նաև դոլարից ու եվրոյից հրաժարվելու ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը:
 

- Ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ Պուտինն օրենքի նախագիծ է մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկվում է հրաժարվել ԱՄՆ դոլարից` ԱՊՀ-ում: Այս օրենքով նախատեսվում է միասնական ֆինանսական շուկա ստեղծել ԵՏՄ և ԱՊՀ անդամ  այլ երկրների միջև և ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտա դոլարից ու եվրոյից հրաժարվել հաշվարկների ժամանակ` որպես «միջանկյալ արժույթ»: Սա Հայաստանի համար վնասակա՞ր եք համարում, թե՞ օգտակար, հաշվի առնելով, որ մի շարք տնտեսագետներ առաջարկում են ՌԴ-ից ՀՀ մտնող գազի համար չվճարել դոլարով:

 

- Եթե խոսքը վերաբերում է գազին, ապա Հայաստանին ձեռնտու է, որ վճարենք ո՛չ  դոլարով, որ ծախում են մեզ վրա, ո՛չ դրամով՝ ազգային արժույթով, այլ ռուբլով, ինչի համար մենք ավելի քիչ կվճարենք: Եվ եթե խոսքը ռազմավարական դաշնակցի մասին է, ապա դա միանշանակ ճիշտ է: Ընդհանրապես, տնտեսական միությունները գնում են միասնական արժույթի ստեղծման ճանապարհով և այդ դեպքում ցանկալի է, որ երրորդ երկրների արժույթները: Օրինակ՝ ԱՄՆ-ում երբեք չես տեսնի, որ եվրո օգտագործվի: Նույնիսկ Եվրոն, որը միջազգային արժույթ է: Ինչպեսև՝ Եվրոպայում դոլար չեն օգտագործում, սա նշանակում է, որ ամեն մի տարածքում իրենց արժույթն են փորձում խթանել: Ինչ վերաբերում է ԱՊՀ տարածքում նման մեխանիզմներ ձևավորելուն, ապա դա բավականին ժամանակատար գործընթաց է: Եվ կարելի է խոսել դրա մեկնարկի մասին, բայց ոչ թե ժամկետների և ասել, որ, այ, մենք կարող ենք այս ժամկետում դա անել: Ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ եղել է նախադեպ, երբ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հրամանագիր էր ստորագրել ռուբլին դարձնել փոխարկելի արժեք: Բայց որևէ երկրում ժամանակակից շուկայական պայմաններում  արժույթը չի դառնում փոխարկելի վարչական մեթոդներով: Եթե միասնական արժույթի են գնում, դա նշանակում է ներդաշնակեցում մի քանի քաղաքականությունների՝ դրամավարկային, արտաբյուջետային, արժութային և այդ ամենը երբ ներդաշնակեցվում է, որոշակի սահմանափակումներ են մտցվում, թե ինչ սահմաններում կարող են տատանումները լինել տվյալ երկրների փոխարժեքների միջև: Եվ եթե հաշվի առնենք,  որ ԵՄ-ից մոտ կես դար է պահանջվել, որ անդամ երկրների միջև միասնական արժույթ մտցվի, ապա կարո՞ղ եք պատկերացնել, թե դրա համար ինչ ջանքեր են պահանջվում:

 

-Հետևաբար, ինչո՞ւ է ՌԴ նախագահը նման հայտարարություն անում:
 

-Ես ընկալում եմ ՌԴ նախագահի հայտարարությունը որպես խնդրի կամ գործընթացի մեկնարկ, որովհետև բոլոր տնտեսական միություններն իրենք առաջնորդվում են հենց այսպիսի սկզբունքներով, և եթե վերցնենք Եվրասիական տնտեսական միությունը, ապա դա բարձրագույն ձևն է, որին հավակնում են հիմնադիր երկրները: Ուրեմն, դրանք միասնական ինտեգրացիայի դեպքում պետք է միասնական արժույթ ունենան, որովհետև, ի վերջո, փողն է սպասարկում տնտեսությանը, ոչ թե հակառակը: Սա պետք է մեկնարկի, բայց երբ կձևավորվի, տարիների հարց է:
 

-Իսկ ՀՀ-ի՝ գազի դիմաց ռուբլով վճարելն արդեն բանակցությունների՞ խնդիր է։

 

-Դա տնտեսական դիվանագիտության կարևոր բաղադրիչներից մեկն է, որի մասին ՀՀ–ում քիչ պատկերացում ունեն:

 

-2 տարի առաջ այսօրը Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵՏՄ մտնելու մասին և արդեն 9 ամիս՝ ԵՏՄ-ում ենք: Կարո՞ղ եք ասել՝ տնտեսապես որքանով ձեռնտու եղավ այս միությունում լինելը:

 

- Եթե որևէ մեկը Ձեր հարցին պատասխան կտա, ուրեմն ինքը ամենավերջին դիլետանտն է: Եվրամիությունը քանի տարի գոյություն ունեցավ, նոր սկսեց մտածել՝ ձեռնտո՞ւ իրար հետ լինելը: Հիմա չգիտեն՝ ձեռնտու է, թե ոչ, հիմա էլ չգիտեն՝ ուզում են որոշ երկրների հանել:  Այսինքն՝ կարճատեսություն է՝ մի քանի ամսում գնահատական տալ: Մենք կարող ենք հարցադրում անել՝ նպատակահարմար է, թե ոչ, կարծում եմ, որ այս տեսակետից կարևոր է, որ երկիրը տարածաշրջանում, երբ ձևավորվում է որևէ միություն, մեկուսանա և լինի հաջողակ կամ համաշխարհային տնտեսության մեջ իր տեղը զբաղեցնի: Դա ես բացառում եմ: Բոլոր օրինակները դա են հավաստում: Այնպես որ, ուզենք, թե չուզենք պետք է տարածաշրջանում ինտեգրվենք։ Եվ քանի որ տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանն են, մենք այդքան էլ մեծ հնարավորություն չունենք:Եվ այս իմաստով այս միությունից հրաժարվելը՝ բացառման սկզբունքով գնալը, կլինի կարճատեսություն:

 

-Բայց չէ՞, որ կոնկրետ արդյունքներ էին ակնկալվում:

 

-Մի քանի ամսո՞ւմ: Էդ ով է ասել, որ մենք մի քանի ամսում չգիտեմ ինչ արդյունքներ են ակնկալելու: Նման բան չի կարող լինել:

 

-Այս անկայուն դարում, երբ ԵՄ-ն ինքն է վատ ժամանակներ ապրում, լինում են ճգնաժամեր,   ո՞ր երկիրը կարող է նման երկարաժամկետ ծրագրեր ունենալ:

 

-Շատ կարճ կարող եմ պատասխանել՝ առանց այդ միությունների չի կարող գոյատևել: Այդ միությունների մեջ իրենք ավելի հզոր են և իրենց մրցակցային առավելություններն են կարողանում իրացնել: Մեկուսացված որևէ երկիր չի կարող նման հաջողություններ ունենալ:  Վերցնենք հենց ԱՄՆ-ը՝ գերհզոր տնտեսություն, բայց հենց ինքը նախաձեռնեց ամերիկյան ազատ առևտրի գոտին: Նույնը՝ ԵՄ երկրները: Եվ վերջինը՝ բոլոր խոսում են գլոբալիզացիայի մասին, բայց դրա հակակշիռը ռեգիոնալիզացիան է, որոնք հակակշռում են առաջինի բացասական տենդենցները:
 

-Բայց չէ՞ որ  Հայաստան-Ռուսաստան-Ղազախստան ռեգիոնալ առումով դժվար է խոսել:
 

-Իսկ ինչի մասին խոսենք՝ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջա՞ն: Մենք ընտրություն չունենք: Մեր հարևանները նրանք են։