Լիբանանում ակտիվիստները հացադուլ են սկսել` պահանջելով նախարարներից մեկի հրաժարականը
Լիբանանում մի խումբ ակտիվիստներ անժամկետ հացադուլ են սկսել` պահանջելով շրջակա միջավայրի պահպանության հարցերով նախարար Մոհամեդ Մաչնուկի հրաժարականը։
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ վրաններ են տեղադրել մայրաքաղաք Բեյրութում գտնվող նախարարության շենքի մոտ: Այնուհանդերձ, Մաչնուկը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ակտիվիստները պաշտոնյային մեղադրում են կոռումպացված լինելու համար, ինչպես նաև պահանջում անհապաղ լուծել երկրում, հատկապես՝ Բեյրութում օրհասական դարձած աղբահանության խնդիրը։
Նշվում է, որ հուլիսին կառավարության որոշմամբ փակվել է երկրի գլխավոր աղբանոցը, ինչի հետևանքով Լիբանանում ստեղծվել է «աղբային ճգնաժամ»:










