Դեպարդյոն ցանկանում է վաճառել Ֆրանսիայում ունեցվածքը և տեղափոխվել Բելառուս՝ «գյուղացիների հետ ապրելու»

15:25 • 04.09.15

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ցանկանում է վաճառել Ֆրանսիայում իրեն պատկանող ամբողջ կարողությունը։

 

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ կվաճառեմ։ Չեմ ցանկանում այլևս լինել այդ երկրի մի մասը՝ նույնիսկ հաշվի առնելով այն, որ սիրում եմ ֆրանսիացիներին։ Բացի լրագրողներից, ովքեր ծառայում են կառավարությանը»,- ասել է Դեպարդյոն։

 

Պատասխանելով հարցին, թե որտեղ է պատրաստվում ապրել՝ Դեպարդյոն նշել է, որ այս պահին ապրում է Իտալիայում, սակայն հեռանկարում պատրաստվում է ապրել Բելառուսում՝ «գյուղացիների հետ, քանի որ այնտեղ գեղեցիկ է, և նախագահը լավ մարդ է»։

 

Դերասանը նշել է նաև, որ իրեն դուր չեն գալիս այն հեռանկարները, որոնք սպասում են միասնական Եվրոպային, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Այն ղեկավարներով, որոնք իշխանության են գտնվում Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, ինձ այդ ամենը դուր չի գալիս։ Թեև Եվրոպան ինքն իրեն արդեն դուր չի գալիս։ Նա խնդիրներ ունի ներգաղթյալների և ֆերմերների հետ։ Ինձ դուր չի գալիս քաղաքական գործիչների ատելությունը՝ ինչպես ձախակողմյան, այնպես էլ՝ աջակողմյան»,- հայտարարել է Դեպարդյոն։