Աֆղանստանում ավելի քան 300 աշակերտ հիվանդանոց է տեղափոխվել գազի թունավորման հետևանքով

10:09 • 04.09.15

Աֆղանստանում մեկ շաբաթվա ընթացքում տեղի հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 300 դպրոցականներ՝ անհայտ գազի թունավորման հետևանքով, հաղորդում է interfax.ru-ն։

 

Ոստիկանությունը կասկածում է, որ դեպքերն անհայտ անձանց չարամտության հետևանք են։

 

Հինգշաբթի օրը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Գերատ քաղաքում 115 աղջիկ է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ թունավորվել է անորոշ գազից, հայտարարել է շրջանային հիվանդանոցի ներկայացուցիչ Մոհամեդ Ռաֆիկ Շերզայը։

 

Նրա խոսքով՝ նրանց տարիքն 9-18 է:

 

Շերզայը նշել է, որ դա արդեն նման երրորդ դեպքն է այս շաբաթվա ընթացքում նույն քաղաքում:

 

Չորեքշաբթի օրը նույն դպրոցում թունավորվել է 68 աղջիկ:

 

Երկուշաբթի օրը 140 աշակերտուհի է հոսպիտալացվել մեկ այլ դպրոցից:

 

Տեղի իշխանությունները կարծում են, որ թունավորման բոլոր դեպքերը կանխամտածված են եղել: Ենթադրվում է, որ դրա հետևում կանգնած են իսլամիստները, որոնք խոչընդոտում են կրթություն ստանալու կանանց բոլոր փորձերը։