Մաքսանենգները սոցցանցերի միջոցով օգնում են ԵՄ հասնել ցանկացող ներգաղթյալներին

15:42 • 04.09.15

Շատ ներգաղթյալներ, որոնք թաքնվում են Մերձավոր Արևելքում պատերազմից, օգտագործում են սոցիալական ցանցերը մաքսանենգներ որոնելու համար, որոնք օգնում են նրանց Եվրոպա հասնելու հարցում, գրում է РИА Новости-ն։

 

Սոցցանցերի միջոցով ներգաղթյալները Եվրոպա բարեհաջող հասած մարդկանցից ստանում են կոորդինատներն ու տեղեկատվությունը: Facebook-ի օգնությամբ փախստականներին համակարգում են Սիրիայից մեկնելուց առաջ: Այդ մասին ասել է Սիրիացի փախստականների օգնության ասոցիացիայի ղեկավար Մուհամեդ Սալի Ալին։

 

Հաղորդվում է, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծվում են արաբերենով խմբեր, որտեղ մասնակիցներն իրենց կոնտակտներն են թողնում և առաջարկում են Թուրքիայից մեկնել Հունաստան: Այդ խմբերում նաև տարածվում է տեղեկություն այն մասին, թե ինչպես հատել Հունգարիայի և Սերբիայի սահմանը, Թուրքիայից Գերմանիա տեղափոխման գինը և շատ այլ տեղեկություններ:

 

«Մենք տեղեկություններ ենք ստանում գործակալությունների, գների, կաշառքների, հեռախոսների մասին, բոլոր մանրամասները»,- ասել է փախստականներից մեկը Բելգրադում:

 

Նման սոցիալական գործիքների թվում են նաև WhatsApp և Viber մեսենջերները, որոնցով ներգաղթյալները կապվում են մաքսանենգների հետ, կապ պահպանում ընտանիքի և ընկերների հետ: Դրանց միջոցով նրանք կարող են նաև գտնել ճանապարհորդության համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը՝ գներ, կաշառք...

 

«Մենք օգտագործում ենք սոցիալական ցանցերը, ներառյալ՝ WhatsApp-ը, Viber-ը և Facebook-ը, մարդկանց հետ կապ պահելու համար: Եթե նրանք արդեն Արևմտյան Եվրոպայում են, նրանք մեզ ուղարկում են տեղեկատվություն, որպեսզի օգնեն մեզ կազմել ուղեգիծը… Մենք օգտագործում ենք մեր սմարթֆոնները հիմնականում GPS-նավիգացիայի համար, որպեսզի չկորենք»,- ասել է սիրիացի փախստական Ահմադը Բուդապեշտի կայարանում: