Սահմանադրության այս նախագծի նպատակը կայուն ժողովրդավարության համակարգի հաստատումն է. Վարդան Պողոսյան (ուղիղ)

12:09 • 04.09.15

 

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ընթանում են Սահմանադրական բարեփոխումների նախագծին նվիրված խորհրդարանական լսումներ: Ինչպես հայտարարեց նիստը վարող պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, լսումներին ներկա են ոչ միայն ԱԺ խմբակցությունների անդամներ, պատգամավորներ, այլև գրանցվել են 80-ից ավել կազմակերպություններ, նաև արտախորհրդարանական ուժերի, դատական դեպարտամենտի ներկայացուցիչներ:
 

ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչը ԱԺ-ում, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ փոփոխությունների նպատակն այն է, որ Սահմանադրությունն ավելի երկար կյանք ունենա, կարողանա ապահովել բոլոր այն խնդիրների լուծումը, որոնք ներկայացվել են դեռևս բարեփոխումների հայեցակարգում:
 

1995թ.-ի Սահմանադրությունն, ըստ նրա, իշխանակենտրոն էր, որի հիմնական առանցքը ոչ թե մարդն էր, այլ՝ Հանրապետության նախագահը՝ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով:
 

«Իշխանակենտրոն Սահմանադրությունից մարդակենտրոն Սահմանադրությանն անցնելը չհաջողվեց: Ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով մենք չենք հասել այն հանգրվանին, որ կարող ենք ասել, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դատարանների անկախությունը արմատավորվել են: Այս նախագիծը՝ որպես հիմնական նպատակներ, իր առջև դրել է կայուն ժողովրդավարության համակարգի հաստատումը, իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորումը»,- նշեց Վարդան Պողոսյանը:
 

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը շեշտեց, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ո՛չ մասնագիտական հանձնաժողովի, ո՛չ հանրապետության Նախագահի համար «դոգմա չէ, չի դիտարկվում որպես վերջնական փաստաթուղթ, և մենք պատրաստ ենք ցանկացած ողջամիտ առաջարկի քննարկման»: Վարդան Պողոսյանն ասաց, որ Սահմանադրությունը պետք է արտացոլի հայ ժողովրդի միասնական կամքը, պետք է ձեռք բերվի համաձայնության մթնոլորտում՝ լայն կոնսոլիդացիայի պայմաններում:
 

Նա նշեց, որ մասնագիտական հանձնաժողովը սերտ համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի հետ:
 

Վարդան Պողոսյանը խոսեց փոփոխություններով սահմանված առանցքային դրույթի՝ կիսանախագահական կառավարման համակարգից պառլամենտական կառավարման մոդելին անցում կատարելու մասին:
 

«Կիսանախագահական համակարգը ենթադրում է, որ արդյունավետ գործընթացի համար պետք է ԱԺ մեծամասնության աջակցությունը: Բայց ի՞նչ տեղի կունենա, եթե այդ աջակցությունը Կառավարությունը չունենա: Գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ նախագահը պարտավոր է նշանակել Կառավարություն, որը վայելում է ԱԺ մեծամասնության աջակցությունը: Եթե նախագահը նշանակում է Կառավարություն, որն իր ծրագրային դրույթներով, քաղաքականությամբ հիմնական ուղղություններով հակադրվում է նախագահին, ապա առաջանալու են մեծ պռոբլեմներ, որոնք ցայտուն կդրսևորվեն պաշտպանության ոլորտում»,- մանրամասնեց Պողոսյանը:
 

Նա նշեց, որ տվյալ պարագայում տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում, Կառավարության դերը նսեմանում է, իսկ բոլոր հայացքներն ուղղվում են դեպի նախագահի ինստիտուտ:

 

«Այս ամենից ելնելով՝ մենք եկանք այն եզրահանգման, որ լավագույնը խորհրդարանական կառավարման մոդելին անցնելն է, որը կապահովի միասնական քաղաքականություն, ինչը որոշվում է պառլամենտական մեծամասնության վստահությունը վայելող կառավարության կողմից, պառլամենտական փոքրամասնությունների համար մեծ առավելություններ»,- ընդգծեց Վարդան Պողոսյանը:

 

Վերջում նա նշեց, որ իրենք պատրաստ են փոխզիջումների այն առաջարկությունների շուրջ, որոնց նպատակը մեկն է՝ հաստատել ժողովրդավարություն, իրավական պետականություն: