Սպիտակ տունն ուսումնասիրում է Սիրիայում ռուս զինվորականների մասին հաղորդագրությունները
ԱՄՆ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Վաշինգտոնում ուսումնասիրում են հաղորդագրությունը, համաձայն որի Ռուսաստանը, իբր, ռազմական գործողություններ է անցկացնում Սիրիայում, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Մենք տեղեկացված ենք այն հաղորդագրությունների մասին, որ Ռուսաստանը, հնարավոր է, զինծառայողներ և ինքնաթիռներ է տեղակայել Սիրիայում, և մենք բավականին ուշադիր հետևում ենք դրան»,- ասել է Ջոշ Էռնեստը։
Նրա խոսքով՝ Ասադի ռեժիմին ցանկացած ռազմական օգնություն ցանկացած նպատակով՝ լինի զինծառայողներ ուղարկելը, ինքնաթիռների, զենքի կամ գումարի մատակարարումը, միևնույն ժամանակ ապակայունացնող և հակաարդյունավետ գործոն է։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ սոցկայքերում հայտնվել էին լուսանկարներ, որոնցում, իբր, ռուսական ռազմական ինքնաթիռ և անօդաչու են պատկերված սիրիական Իդլիբ նահանգի երկնքում։










