Պարսից ծոցի 5 ամենահարուստ պետությունները հրաժարվում են անգամ 1 սիրիացի փախստական ընդունել. Amnesty International

11:32 • 05.09.15

Չորս տարի շարունակ Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի հետևանքով 4 մլն-ից ավելի սիրիացի դարձել է փախստական` հիմնականում ապաստան գտնելով հարևան պետություններ Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում, Իրաքում։

 

Սակայն պարզվում է, որ Պարսից ծոցի 5 ամենահարուստ պետությունների` Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի, Քուվեյթի և Բահրեյնի իշխանություններն առայսօր հրաժարվել են անգամ 1 սիրիացի փախստական ընդունել։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այս մասին հայտարարել է հեղինակավոր Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության` փախստականների ու ներգաղթյալների իրավունքների հարցերով բաժնի ղեկավար Շերիֆ Էլսայիդ Ալին։

 

«Այս տվյալներն ուղղակի ամոթալի են։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետությունները պետք է հավասար պատասխանատվություն ստանձնեն փախստականներին օգնելու հարցում: Պարսից ծոցի 5 ամենահարուստ պետությունների պահվածքը բնորոշվում է մեկ բառով` «խայտառակություն»»,-նշել է Ալին:

 

Միևնույն ժամանակ, բրիտանական պարբերականը նկատում է, որ այդ 5 պետությունները մոտ 1 մլրդ դոլարի սնունդ, դեղորայք ու հիգիենայի պարագաներ են տրամադրել սիրիացի փախստականներին: