ՀՀԿ–ում դեռ չի քննարկվել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունում թափուր մնացած տեղին հավակնող թեկնածուների հարցը
ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը դեռ չի քննարկել ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի Արդարադատության նախարար նշանակվելու արդյունքում թափուր մնացած պաշտոնների հարցը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ նշելով, որ քննարկումներ՝ թափուր մնացած պաշտոնների համար չկան:
Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահն է, Պետական–իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամ:
Վերջինս, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ՀՀԿ-ում ամենաակտիվ քննարկման առարկան է դարձել, քանի որ հավանական թեկնածուների միջև պատվիրակության կազմում ընդգրկվելու համար պայքար է սկսվել: Սակայն, Գագիկ Մելիքյանը հավաստիացրեց, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել, ուստի որևէ «կռիվ» լինել չի կարող: «Երբ կգա ժամանակը, կքննարկենք»,- նշեց խմբակցության քարտուղարը:
Ըստ մամուլի՝ ԵԽԽՎ պատվիրակության հավանական անդամներից է ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը: Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ խմբակցությունում քննարկումներ չկան և իրեն չեն առաջարկել ընդգրկվել ԵԽԽՎ պատվիրակության կազմում: «Իհարկե, հավանականը հավանական է, որ նշանակեն, բայց դա տենց երևելի պաշտոն չէ: ԵԽԽՎ-ն, իհարկե, կարևոր է, բայց իմ կյանքի երազանքը չէ, այնպես չէ, որ հաճելի գործառույթ է»,- հավաստիացրեց Լ. Մարտիրոսյանը:










