Ապստամբները ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը Տաջիկստանում. Էմոմալի Ռահմոն

14:59 • 06.09.15

Տաջիկտանի նախագահ Էմոմալի Ռահմոնը երկրի ուժային գերատեսչությունների վրա հարձակումների շարք գործած զինված խմբավորման մասնակիցներին «կեղտոտ խղճով» մարդիկ է անվանել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Դուշանբեում և Վահդատում սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպը ներքին գործերի մարմինների ինը աշխատակիցների մահվան պատճառ է դարձել: Դրանում մեղավոր են կեղտոտ խղճով մարդիկ, ովքեր ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը երկրում»,- ասել է Ռահմոնը:


Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում և արվարձաններում ուրբաթ օրը փոխհրաձգություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում առնվազն 22 մարդ է զոհվել:


Տաջիկստանի իշխանությունները միջադեպի համար մեղավոր են համարում ուրբաթ օրը պաշտոնից հեռացված պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ Աբդուհալիմ Միրզո Նազարզոդային:


Նախագահ Ռահմոնը կոչ է արել բնակչությանը «չկորցնել զգոնությունը և չտրվել տարբեր սադրանքներին»: