Զեյթունում բեռնատար վերելակը պոկվել և ընկել է ձորը. կա 2 վիրավոր (թարմացված, լուսանկարներ)

12:43 • 07.09.15

 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11.16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):

 

Ըստ ՏԿԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: 
 

Վթարի հետևանքով կա երկու տուժած, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տուժածներից մեկը 60 տարեկան է, մյուսը՝ 46 տարեկան։


13.38


Պարզվել է, որ «Արամ-Շին» ՍՊԸ-ի կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի շարժիչը խափանվել է, և խցիկը մոտ 60 մ ընկել է ձորը, ինչի հետևանքով 1955 թ. ծնված Պ. Ս.-ը և 1969 թ. ծնված Ս. Ղ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ձորից, իսկ ժամը 11.18-ին հրշեջ-փրկարարներն և փրկարարները ձորից դուրս են բերել Ս. Ղ.-ին. տուժածները հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: