Մերկելը Քեմերոնին «վնասատու» է անվանել և հայտարարել, որ նրան բոլորն ատում են

16:52 • 07.09.15

Բրիտանական ԶԼՄ-ները շարունակում են տպագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին նվիրված Էնթոնի Սելդոնի Cameron at 10 գրքից հատվածներ: Անցած շաբաթ այդ հրապարակումների շնորհիվ հայտնի է դարձել, որ Քեմերոնը մերժել է Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին, երբ նա առաջարկել է գործարքի գնալ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի հետ, գրում է vesti.ru-ն:

 

Նաև հաղորդվել է, որ մի անգամ վարչապետը բավականին կոպիտ հաղորդագրություն է ուղարկել Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնին, որտեղ առաջարկել է քաղաքապետին «ձենը կտրել»:

 

Միևնույն ժամանակ Քեմերոնը նույնպես տհաճ հաղորդագրություններ է ստացել: Մասնավորապես, Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը նրա հետ քննարկելիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մի անգամ հայտարարել է. «Մենք բոլորս ձեզ ատում ենք»: «Բոլորս» ասելով՝ Մերկելը հավանաբար նկատի է ունեցել ԵՄ մյուս անդամներին։

 

Կոնֆլիկտը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերին Գերմանիայի կանցլերի և Մեծ Բրիտանիայի վարչապետի համատեղ ընթրիքի ժամանակ: Քեմերոնը խոսել է բարեփոխումների անհրաժեշտության մասին և սպառնացել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալով: Դրան ի պատասխան Մերկելը խորհուրդ է տվել նրան «չլինել այդքան ագրեսիվ», ինչպես նաև նրան անվանել է «վնասատու»:

 

«Դուք շարունակում եք ձեզ դիրքավորել որպես հակառակորդ, և մենք բոլորս ձեզ ատում ենք»,- շարունակել է նա: