Քիշնևում շարունակվում են հակակառավարական ցույցերը (լուսանկարներ)
Մոլդովայի մայրաքաղաքում մոտ 100 մարդ կառավարության շենքի մուտքի մոտ տեղադրված վրանային ավանում շարունակում է ներկայիս իշխանությունների քաղաքականության դեմ բողոքը։ Կիրակի օրն այստեղ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել նախագահի և կառավարության հրաժարականի պահանջով, հաղորդում է ТАСС-ը։
Քիշնևում գիշերը հանգիստ է անցել: Այդ մասին գործակալությանը հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունում: Նախօրեին մայրաքաղաքի կենտրոնում, ոստիկանության տվյալներով, հավաքվել է մինչև 40 հազար մարդ:
Այժմ քաղաքի կենտրոնում տրանսպորտի երթևեկությունը վերսկսվել է: Ակցիայի կազմակերպիչները՝ DA («Արժանապատվություն և ճշմարտություն») քաղաքացիական հարթակի առաջնորդները հայտարարել են, որ շարունակում են խաղաղ բողոքը և կմնան վրաններում՝ մինչև իրենց պահանջները չկատարվեն: Կառավարության շենքի մոտ ընդհանուր առմամբ տեղադրված է մոտ 50 վրան։
Հանրահավաքի մասնակիցներն իրենց ելույթներում մեղադրել են երկրի ղեկավարությանը, որ այն ենթարկվում է օլիգարխիկ շրջանակներին և պարզապես նմանակում է եվրաինտեգրման գործընթացը: DA ներկայացուցիչները հանրահավաք են անցկացրել կառավարության շենքի մոտ, որը տևել է մոտ 10 ժամ, կազմակերպիչները հայտարարել են, որ հրապարակում հավաքվել է ավելի քան 100 հազար մարդ: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Երեկ հանրահավաքի ընթացքում բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են մտնել երկրի գլխավոր դատախազության շենք: Մի քանի մարդ է վիրավորվել, մի կնոջ տեղափոխել են հիվանդանոց։
Լուսանկարները՝ apostrophe.com.ua-ի.















