Պուտինը հրահանգել է անսպասելի ստուգում անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանում

12:12 • 07.09.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, հրահանգել է անսպասելի ստուգում անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է lenta.ru-ն:

 

«Նախագահի հրամանի համաձայն՝ շրջանի զորքերը, այլ ռազմական շրջանների ավիացիայի, Օդադեսանտային զորքերի և Ռազմատրանսպորտային ավիացիայի ուժերի մի մասը ժամը 09:30-ից  բերվում են «Ամբողջական» մարտական պատրաստության»,- ասել է պաշտպանության նախարարը։

 

Շոյգուն նաև հրահանգել է զորավարժություններ անցկացնել Կենտրոնական ռազմական շրջանի տարածքային պաշտպանության զորքերի հետ, որոնց ընթացքում պետք է «փորձարկել ռազմական ժամանակում ռազմական շրջանի նոր կազմակերպչական կառուցվածքը»:

 

Զինված ուժերի մարտական պատրաստության նախագծի համաձայն՝ 2015 թվականի սեպտեմբերին պետք է կայանան «Կենտրոն-2015» մասշտաբային ռազմավարական զորավարժությունները։

 

Զորավարժությունների սկզբի հստակ ամսաթիվը նախօրոք չի որոշվել մարտական պատրաստության անսպասելի ստուգումների կոնցեպտի շրջանակում: