Լեխ Վալենսան հետևել է Ֆինլանդիայի վարչապետի օրինակին և հայտնել իր տանը փախստականներ ընդունելու ցանկության մասին
Լուսանկարը՝ sannews.com.ua-ի
Հետևելով Ֆինլանդիայի վարչապետի օրինակին, ով հայտարարել էր, որ պատրաստ է իր ամառանոցը տրամադրել Հյուսիսային Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականներին, հյուրընկալությամբ հպարտացել է նաև Լեհաստանի նախկին նախագահը։
Լեխ Վալենսան հայտարարել է, որ դեմ չէ իր բնակտարածքը կիսել ներգաղթյալների հետ, եթե, իհարկե, կինը թույլ տա, գրում է Вести-ն։
«Մենք բոլորս մարդիկ ենք, այդ պատճառով էլ պետք չէ ափսոսալ մի կտոր հացը փախստականների համար։ Նրանք ողբերգական վիճակում են։ Հասկանալի է, մեզանից ոմանք հարուստ են, ոմանք՝ աղքատ, սակայն մենք պետք է մտածենք օգնության մասին։ Ես ինքս էլ նրանց կընդունեի իմ տանը, սակայն նախ պետք է խորհրդակցեմ կնոջս հետ»,- ասել է նախկին նախագահը։
Միևնույն ժամանակ, մեկ այլ լեհ քաղաքական գործիչ և դիվանագետ, երկրի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան կարծում է, որ ներգաղթյալներին պետք է ընդունի Ռուսաստանը։ Նրա խոսքով՝ Լեհաստանում արդեն իսկ շատ փախստականներ կան, այդ թվում՝ 4.000 ուկրաինացիներ։ Եվ Ռուսաստանը, որն ընդունում է Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին, պետք է հրավիրի նաև մերձարևելյան երկրների քաղաքացիներին։
Ընդ որում՝ փախստականները չեն թաքցնում, որ իրենց հետաքրքրում է հենց ԵՄ-ն։










