ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը ՀՀ-ին թույլ կտա բալանս պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև. Ռիչարդ Չարնեցկի

13:07 • 08.09.15

Լյուքսեմբուրգի նախագահության կողմից պատրաստվող Եվրամիություն-Հայաստան համագործակցության նոր տեսակի փաստաթուղթը Եվրոպական խորհրդարանը դեռևս չի ստացել: Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին՝ նշելով, որ ԵՄ հետ ստորագրվող ցանկացած համաձայնագիր ՀՀ իշխանություններին թույլ կտա հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և Բրյուսելի միջև:

 

Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ համաձայնագրերի նոր տարբերակը Հայաստանը ԵՄ-ին ավելի պակաս չափով կմիավորեն, այսինքն՝ կունենա ավելի ցածր մակարդակ, քան Ասոցացման համաձայնագիրը:

 

Ռիչարդ Չարնեցկին նշեց, որ «ցածր մակարդակ»-ը դիվանագիտական տերմին է, իսկ փաստաթղթի նպատակը մեկն է. «Այն պետք է խրախուսի Հայաստանին ստորագրել այդ փաստաթուղթը և շարունակել Մոսկվայի հետ քաղաքականությունը մինչև հերթական ծանր հարվածը: Հայաստանը պետք է ստորագրի այս փաստաթուղթը, որովհետև յուրաքանչյուր համաձայնագիր ԵՄ–ի հետ բարենպաստ է Երևանի համար. այն տրամադրում է իշխանության հավասարակշռություն, բալանս՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև»: