Համաշխարհային խոհանոցում հայկականը մեծ դեր ունի, ու պարտավոր ենք այն լավ ներկայացնել. Մ. Ապրեսյանը՝ փառատոների մասին

14:09 • 08.09.15

Սեպտեմբերի 12-ին Լոռիում միաժամանակ տեղի է ունենալու երկու փառատոն, որոնցից մեկը ավանդական դարձած «Խորովածի, արվեստի ու երաժշտության» փառատոնն է Ախթալայում, մյուսը՝ Օձունում անցկացվող «Օձունի գանձեր» չորրորդ միջհամայնքային փառատոնը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրին երկու փառատոների կազմակերպիչները։


«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ սեպտեմբերի երկրորդ շաբաթը իրենք հայտարարում են խորովածի օր, քանի որ բազմաթիվ կերակրատեսակների համաշխարհային օրեր կան, իսկ խորովածի՝ չկա։


«Ախթալան հայտարարել ենք խորովածի մայրաքաղաք, ով կընդունի՝ լավ, ով չի ընդունի իր գործն է։ Այս տարի փառատոնին մասնակցելու են փորձագետներ Ռուսաստանից, խոհանոցային քննադատներ, նրանք ներգրավված կլինեն որպես ժյուրի։ Իր մասնակցությունը կբերի նաև հանրահռչակ ֆրանսահայ խոհարար Ալեն Ալեքսանյանը, ով մեծ հեղինակություն ունի խոհարարական ասպարեզում»,- ասաց նա և խոստացավ, որ այս տարի նորություններ կլինեն թե՛ փառատոնի գեղարվեստական մասում, թե՛ խոհարարական։


«Օձունի գանձերը» փառատոնի կազմակերպիչ Հայաստանում G2IA-ի ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանն էլ տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում հարակից 15 համայնքների մասնակիցները կներկայացնեն իրենց բնամթերքը և տեղի կունենա ցուցահանդես-վաճառք։


«Փառատոնի նպատակն է վերարժևորել Օձունի և հարևան գյուղերի տեղական արտադրության մթերքները և պատմամշակութային ժառանգությունը»,- ասաց նա։


ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ նշեց, որ այս երկու փառատոները ակտիվ համագործակցության օրինակ են՝ համախմբվել են ինչպես երկու փառատոների կազմակերպիչները, այնպես էլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։


«Սա իր փայլուն արդյունքը տալիս է։ Յոթ տարի առաջ, երբ գործընթացը սկսվում էր, նպատակ էր դրվում, որ դառնա ավանդական փառատոն ու դառնա զբոսաշրջության ձև։ Հիմա արդյունքները տեսում ենք, այսօր հենց այս փառատոներին մասնակցելու համար վաճառվում են հատուկ զբոսաշրջային փաթեթներ։ Գնալով հետաքրքրությունը մեծանում է»,-ասաց նա։


Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ երկու փառատոներն էլ ունեն մեկ ընդհանրություն՝ «ներկայացնում ենք հայկական մշակույթը, այդ թվում կարևոր մի բաղադրիչ՝ հայկական խոհանոցը»։


«Հայկական խոհանոցը համաշխարհային խոհանոցում մեծ դեր ունի ու պարտավոր ենք այն լավ ներկայացնել»,- ասաց նա։