Գարի Կասպարովը պետք է ներողություն խնդրի ՖԻԴԵ-ի էթիկան խախտելու համար. Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը պետք է ներողություն խնդրի Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) էթիկան խախտելու համար: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Անդրեյ Ֆիլատովը:
ՖԻԴԵ-ի էթիկայի հարցերով հանձնաժողովը Կասպարովին և այդ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Իգնատիուս Լեոնգին մեղավոր է ճանաչել ՖԻԴԵ-ի էթիկայի 2.1 կետը խախտելու համար։
Այդ կետում գրված է. «Էթիկայի կոդեքսը խախտվում է, երբ մարդը կամ կազմակերպությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կաշառք է առաջարկում կամ փորձում է առաջարկել կամ ընդունում է շախմատի խաղերի արդյունքների կամ ՖԻԴԵ-ում պաշտոնի ընտրությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով»:
Նման որոշում է կայացվել ՖԻԴԵ-ի համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել Աբու Դաբիում։ Էթիկայի հանձնաժողովը մոտ ժամանակներս կարող է արգելել Կասպարովին և Լեոնգին այցելել կառույցի պաշտոնական միջոցառումները, ինչպես նաև տուգանք վճարել։
Մեկնաբանելով հանձնաժողովի եզրակացությունները՝ Ֆիլատովը նշել է, որ դա լուրջ որոշում է, որը ստացել է մեծամասնության աջակցությունը:
«Այսօր կառույցի մեջ մտնում է 186 երկիր, և պարոն Կասպարովն առնվազն պետք է ներողություն խնդրի իր հակաիրավական գործողությունների համար: Բայց եթե Գարի Կիմովիչը որոշման հետ համաձայն չէ, ապա նա պետք է դա վիճարկի կամ ապացուցի իր անմեղությունը դատարանում: Եթե մարդը վստահ է իր անմեղության և իրավացիության մեջ, նա գնում է դատարան և պաշտպանում է իր բարի համբավը»,- ասել է Ֆիլատովը:
Նշվում է, որ անցած տարի ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններից առաջ Կասպարովը, ով հավակնում էր այդ պաշտոնին, և այդ ժամանակ ՖԻԴԵ-ի գլխավոր քարտուղար Լեոնգը պայմանագիր են կնքել, որի համաձայն Կասպարովը Լեոնգին 500 հազար դոլար է վճարել, որպեսզի Սինգապուրը քվեարկի իր օգտին: Համաձայնությունը նաև նախատեսում էր, որ Լեոնգը կգլխավորի կառույցի նոր գրասենյակը, որը Կասպարովը խոստացել է բացել ընտրություններում իր հաղթանակի դեպքում:










