Տաջիկստանում քրգործ է հարուցվել պաշտպանության նախարարի նախկին տեղակալի դեմ՝ պետական դավաճանության համար

11:53 • 08.09.15

Տաջիկստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Աբդուհալիմ Նազարզոդայի և պաշտպանության նախարարության գնդապետ Ջունայդուլո Ումարովի դեմ Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Նազարզոդայի և Ումարովի դեմ քրեական գործեր են հարուցվել 179-րդ (ահաբեկչություն), 305-րդ (պետական դավաճանություն), 307-րդ (ծայրահեղական միության կազմավորում) և 309-րդ (դիվերսիա) հոդվածներով»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

 

Քննչական մարմինների տվյալներով՝ Ումարովը և Նազարզոդան սեպտեմբերի 4-ի առավոտյան Դուշանբեում և Վախդատում զինված հարձակումների կազմակերպիչներն են։

 

Այժմ Նազարզոդան և նրա զինված աջակիցները թաքնվում են ուժայիններից: Հատուկ գործողության ողջ ընթացքում ձերբակալվել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալի խմբավորման 56 անդամ, այդ խմբավորման ևս 17 անդամ սպանվել է։