Հայաստանը թոշակառուների համար լավագույն երկրների ցանկում զբաղեցրել է 43-րդ տեղը

14:56 • 09.09.15

Հայաստանը թոշակառուների համար լավագույն երկրների ցանկում զբաղեցրել է 43-րդ տեղը (ընդհանուր ներառված է 96 երկիր)։

 

Age International կազմակերպությունը հրապարակել է իր երրորդ ամենամյա Global AgeWatch ինդեքսը, որը դասակարգում է երկրները՝ հաշվի առնելով թոշակառուների կյանքի որակն ու առողջությունը։ 

 

Անցած տարի Հայաստանը զբաղեցրել է 40-րդ տեղը՝ 96 երկրների թվում, իսկ 2013 թվականին՝ 51-րդ տեղը՝ 91 երկրների շարքում:

 

Վրաստանը ցանկում զբաղեցրել է 29-րդ տեղը, Ռուսաստանը՝ 65-րդ տեղը, Թուրքիան՝ 75-րդ։ Ցանկում Ադրբեջանն ու Իրանը չկան։

 

Մասնագետները տարեց մարդկանց համար լավագույն երկիր են ճանաչել Շվեյցարիան: Հենց այդ եվրոպական երկրում է թոշակառուներին տրամադրվում առավելագույն հոգատարություն և ուշադրություն:

 

Շվեյցարիային հետևում են Նորվեգիան և Շվեդիան: Առաջին տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կանադան: Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենալավ դիրքը գրանցել է Էստոնիան՝ 23-րդ տեղը: Ցանկը եզրափակում է Աֆղանստանը, իսկ նրա հարևաններն են Պաղեստինը, Պակիստանը և Մոզամբիկը:

 

Տվյալների համաձայն՝ առաջին տասնյակում ընդգրկված երկրներում տարեց մարդիկ թոշակի անցնելուց հետո ապրում են մոտ 26 տարի, մինչդեռ վարկանշային ցանկի վերջին հորիզոնականների երկրներում այդ ցուցանիշը չի գերազանցում 16 տարին։

 

Ինչպես նշում են գիտնականները, զեկույցում ընդգրկվել է աշխարհի երկրների միայն կեսը, քանի որ ՄԱԿ-ի անդամ երկրների ոչ բոլոր կառավարություններն են համաձայնել տեղեկություններ տրամադրել իրենց տարեց քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրության մասին:

 

«Մեր պատրաստած ինդեքսն առաջին քայլն է յուրաքանչյուր մարդու համար իր կյանքի յուրաքանչյուր փուլում իր պոտենցիալի ամբողջական իրագործման ճանապարհին: Այսօր տարեց մարդկանց թիվն աճում է աշխարհի բոլոր երկրներում: 2050 թվականին մեր ինդեքսում ներառված 96 երկրներից 46-ը բնակեցված կլինի մեկ երրորդով մարդկանցով, ովքեր կլինեն 60 տարեկանից մեծ: Եվ մենք միայն 35 տարի ունենք նման ապագայի պատրաստվելու համար»,- հայտարարել է այդ հետազոտությունը հովանավորած Թոբի Պորտերը: