Գազի սակագնի 24 դոլարով նվազեցումը տևական ժամանակ մեր հասարակությանը կազատի գազի գնի թանկացումից. Ա. Սաֆարյան
Ռուսական գազի գինը սահմանին 189 դոլարից 165 դոլար դառնալով՝ տևական ժամանակաշրջանի համար մեր հասարակությանը կազատի գազի գնի հնարավոր թանկացումից. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արամ Սաֆարյանը:
«Ես տեսնում եմ այդ առավելությունը, որ գազի մեծածավալ գնի էժանացումը 24 դոլարով մեր հասարակությանը և շարքային սպառողին տևական ժամանակի համար ազատելու է գազի գնագոյացման ասպարեզում անհարկի ցնցումներից: Ես սա համարում եմ հաջողություն»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գազի գնագոյացման այն խնդրին, որ ռուսական գազի սակագնի 24 դոլարի նվազեցումը ներքին սպառման շուկայի վերջնական սակագնի վրա չի անդրադառնա, Արամ Սաֆարյանը նշեց, թե դրանք արդեն լուրջ հաշվարկներ են պահանջում, և այդ հաշվարկները պետք է ուղղել գազի ասպարեզի մասնագետներին:










