Ավստրալիան կսկսի պայքարել Սիրիայում ԻՊ-ի դեմ և պատրաստ է ևս 12.000 սիրիացի փախստական ընդունել
Լուսանկարը՝ AFP: Christof Stache-ի
Ավստրալիայի ռազմաօդային ուժերը կսկսեն ոչնչացնել Սիրիայի տարածքում ահաբեկիչներին, նախկինում նրանք գործել են միայն Իրաքի տարածքում, հայտնում է Газета-ն՝ The Guardian-ին հղումով։
Երկրի վարչապետ Թոնի Էբոթի խոսքով՝ չի կարելի հաղթել «Իսլամական պետության» «մահվան պաշտամունքին» Իրաքում՝ չհաղթելով դրան Սիրիայում։
Էբոթը նշել է, որ երկրի զինծառայողները կպայքարեն ահաբեկիչների դեմ, այլ ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի, թեև նա «չարիք է»։
Նա նաև ասել է, որ Ավստրալիայի կառավարությունը պատրաստ է Սիրիայից լրացուցիչ 12.000 փախստական ընդունել։ Բացի այդ, իշխանությունները 44 մլն դոլար կհատկացնեն 240.000 մարդու համար, ովքեր ստիպված են եղել լքել Սիրիան և Իրաքը և բնակություն հաստատել հարևան երկրներում։
Կառավարությունում նշել են, որ օգնություն հատկացնելու մասին որոշումը ոչ մի կերպ կախված չի լինի փախստականների ազգային կամ ռասայական պատկանելիությունից, սակայն առաջին հերթին կօգնեն կանանց և երեխաներին։










