Բելառուսի նախագահի թունավորված թեկնածուն դուրս է եկել մրցապայքարից
Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Տերեշչենկոն դուրս է եկել ընտրապայքարից, գրում է gazeta.ru-ն։
«Ես հաստատում եմ, որ հանում եմ իմ թեկնածությունը։ Ես հրաժարվում եմ ընտրություններին հետագա մասնակցությունից՝ հաշվի առնելով առողջությանս հասցված վնասը՝ թունավորումը»,- հայտարարել է Տերեշչենկոն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տերեշչենկոյին հոսպիտալացրել են Մինսկում գործնական նախաճաշից հետո: Թունավորման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Բացի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ նախագահի աթոռին հավակնում են Տատյանա Կորոտկևիչը, Սերգեյ Գայդուկևիչը և Նիկոլայ Ուլախովիչը: Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 11-ին:










